Նախքան բուն նյութին անցնելը լավ է հիշել թե ի՞նչ նախադրյալներից սկսվեց այս եղելությունը: Հորս ընտանիքը Թուրքիայի Հաճըն քաղաքի հնագույն բնակիչներից են, որոնք ներգաղթել են Կովկասից՝ ավելի ճիշտ Արցախից, ըստ պատմական փաստերի:
Հայրս պատմում էր, թե իրենց ընտանիքում եղել են 6 տղաներ և հայրը այդ բոլորին կարողացել է կերակրել իր ունեցած միակ էշով, որի հետ բեռներ է փոխադրել աջ ու ձախ: Օրերից մի օր հորս հոր եղբայրը խնդրել է իր էշը մի օրով տալ բեռ փոխադրելու համար, իհարկե պապիկս չի մերժել և ստացել է ասնպասելին: Պապիկիս եղբայրը այնքան բեռ է բարձել իշուն, որ խեղճը սատկել է. և երկու եղբայրներ խռովել են առհավետ: Հայրս մանկության տարիներին հաճախել է տեղական հայկական դպրոցը և հետագայում սովորել է ջուլհակություն: Ընտանիքի բազմանդամ լինելը ստիպել է աշխատանք փնտրելու համար տեղափոխվել այլ քաղաքներ, ինչպես կատարվում էր այն ժամանակ ընտանիքը կերակրելու և սոցիալական հարցերը լուծելու համար:
Այսօր ևս Հայաստանում կատարվում է նույն բանը, շատ ընտանիքներ իրենց գոյությունը պահպանելու համար գնում են պանդխտության աշխատանք որոնելու և երբեմն այն վերջանում է ողբերգությամբ:
Այդպիսին էլ պատահեց իմ հորեղբայրների հետ 1909թ., երբ գտնվում էին Ադանայում:
1909թ. ապրիլին, երբ երիտասարդ թուրքերի կառավարությունը կազմակերպեց հայերի կոտորածը իմ 3 հորեղբայրները զոհվեցին: Թուրքերը երբ հարձակվում են հայկական թաղերի վրա իմ հորեղբայրները թագնվում են գինու և ցորենի կուժերի մեջ, սակայն նրանց թաքստոցը հայտնվում է մի հայի մատնությամբ:
Ադանայի կոտորածը մինչև այսօր մեզ զարմացնում է իր եղելությամբ և ընդհանրապես թրքական կառավարությունների այն մտածելակերպը թե ինչու՞ էին կոտորում այն աշխատող ժողովրդին, որ միշտ բարիք էր ստեղծում երկիրը բարգավաճելու և զարգացնելու համար:
Թուրքերը ըստ իմ կարծիքի, ինքնուրույն չէին գործում, այլ օտարերկրյա դիվանագատերի թելադրանքով, որոնք ցանկանում էին տեսնել մի Թուրքիա հիվանդոտ, անկողնային, որ հոշոտել ավելի հեշտ լինի: Եզրակացությունը թողնենք փորձված դիվանագետներին և մենք շարունակենք մեր ընտանիքի պատմությունը:
Հորեղբայրներիս մահը մի մեծ հարված էր մեր ընտանիքին, բայց ուրիշ ելք չկար կյանքը պետք է շարունակեր ճամփան:
Մեծ հորեղբայրը՝ Ղազարը մինչև Ադանա գնալը նշանված է եղել Փեթենյան ընտանիքի մի աղջկա հետ և քանի որ երկու ընտանիքների միջև նոր ընտանիքի հիմնաքար է դրվել, հայրս ամուսնացել է իր եղբոր՝ Ղազարի նշանածի հետ:
Ամուսնությունից ծնվել են 2 տղաներ՝ Տիգրան և Մանուկ անուններով:
1915թ. սկսվել է արտագաղթը: Հորս ընտանիքը նույնպես այդ արհավիրքից զերծ չի մնացել, աքսորել են դեպի Սիրիա: Ճանապարհին զոհվում են ծնողները և հայրս իր կնոջ ու 2 երեխաների հետ հասնում են Համա քաղաքը, որտեղից անցնում են Համա քաղաքի գյուղերից մեկը և մնում մինչև 1918թ.: Այդ գյուղում հայրս դուլգահ է շինում և սկսում է գործել: Արհեստը նպաստավոր է լինում և հայրս կարողանում է ընտանիքը կերակրել և մի փոքր գումարով 1918թ. վերադառնում է Հաճըն հաշտության պայմանագրի կնքումից հետո: (Մանրամասնություններ պատմության հնարավոր էջերից հնարավոր է իմանալ):
1918թ. Հաճըն վերադառնալուց հետո կյանքը վերսկսվում է, մարդիկ սկսում են վերանորոգել 4 տարի առաջ լքված տները, վերամշակել այգիները, տնտեսությունը վերականգնել և կամաց-կամաց հունի մեջ մտնել:
Պատմությունից մեզ հայտնի է, որ Թուրքիայում սկսվել էր Քեմալական շարժումը: Այդ շարժման ֆինանսավորող կողմերը բոլորիս հայտնի Բոլշևիկյան նորաստեղծ Ռուսաստանը (Լենինի միջամտությամբ) Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, որոնք բոլորն էլ մի նպատակ ունեին (չշեղվենք մեր հիմնական նյութից):
Քեմալական շարժումը նպատակ ուներ բոլորովին ոչնչացնել հայկական համայնքները, այդ թվում և Հաճընը: Թրքական արշավանքները Հաճընի վրա սկզբում փոքր մասշտաբների էին և նրանց չէր հաջողվում քաղաքը գրավել շրջափակման միջոցներով: Հաճընցիներին հաջողվեց ետ մղել թրքերի հարձակումները:
Պատմաբան Ժերար Չալյանը իր գրքի մեջ բավական լավ է նկարագրել Հաճընի պաշտպանության մանրամասները (ի միջի այլոց Ժերար Չալյանը Հաճընի քաղաքապետի եղբոր որդին է):
1920թ. սկսվում է Հաճընի մեծ պաշարումը, որը տևում է մինչև հոկտեմբերի 15-ը 1920թ.:
Հաճըն քաղաքը 1920թ. սկզբին սկսում է պատրաստվել դիմադրելուն: Թրքերի փոքր հրետանին, որ դրված էր քաղաքի դիմաց գտնվող բլրի վրա, երբեմն անհանգստացնում էր բնակիչներիս, և այդ պատճառով Հաճընցիք որոշում են գրավել թնդանոթը: Այդ հարձակմանը մասնակցում է նաև իմ հորեղբայրս՝ Սիմոնը, որը ընդամենը 17 տարեկան էր: Հաճընցիներին հաջողվում է գիշերով հարձակվել և մեկուսացնել հրետանավորներին: Այստեղ հաճընցիք մի սխալ են գործում, այն, որ թնդանոթը գցում են ձորակի մեջ և մի ամիս անց գնում և թնդանոթը արկերի հետ միասին բերում են քաղաք:
Թուրքերը այս անհաջողություններից հետո ամառվա ամիսներին անհամեմատ բավարարվում են փոքր հարձակումներով, որ հաճընցիներին մեծ անհանգստությւոն չի պատճառում:
Քաղաքապետ Կարապետ Չալյանը այդ օրերին հրավիրում է քաղաքի ավագանուն և առաջարկում է թողնել քաղաքը և զենք ունեցող քաղաքացիների օժանդակությամբ թնդանոթը առջևից ժողովրդին ետևից տանելով երթալ Ադանա: Առաջարկը չի ընդունվում տաքարյուն երիտասարդների կողմից, որ կարծում են անհաղթ են:
Կային և ուրիշ պատճառաբանություններ: Պաշտպանների գլխավոր հրամանատար՝ Սարգիս Ճապեճյանը ազդրից վիրավոր էր և դժվար էր նրա համար այդ երկար ճանապարհն անել. երկրորդ երիտասարդության մի մասը չէր ուզում թողնել հայրական տունն ու կալվածքները:
(Այս սխալը ճակատագրական եղավ անզեն բնակչության համար, բոլորն էլ կոտորվեցին հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը): Հորս մորաքրոջ տղան՝ Ղազարյան Ավագը, Հաճընի անկումից 2 ամիս անց 4 ընկերներով հագնված ժամանակի տարազով, որպես Չեթե (նա հայերեն չէր խոսում, միայն թուրքերեն և իր մոր մահը տեսել էր թաքնված տեղից, թե ինչպես թուրքերը քարով սպանել են մորը խփելով նրա գլխին և ծնոտին: Նա ասում էր. 100 թուրք եմ սպանել, բայց մորս վրեժը չեմ առել):
Ղազարը Հաճըն գալով փնտրում է ՛՛Գյավուրների՛՛, ինչպես ասում էին թուրքերը հայերի համար: Բայց Ղազարի նպատակն էր գտնել որևէ հայի, որ ողջ է մնացել կոտորածից հետո, այդ նրան չի հաջողվում, պարզվում է, որ թուրքական զորքը անխնա կոտորել է ծերերին, կանանց և երեխաներին չխնայելով և ոչ մեկին: Վերադարձից հետո Ղազարյան Ավագը թողեց Թուրքիան և անցավ Հաբեղյան, որից հետո կորցրինք նրա հետքը:
Հայրս պատմում էր, որ պաշարման ժամանակ թուրքերը երեկոյան ժամերին մոտենում էին մինչև մեր դիրքերը և հաճախ խոսում էին մեզ հետ:
Նրանք հիշեցնում էին, որ ֆրանսիացիները ձեզ դավաճանում են, ձեզ խաբում են, ձեզ տվեցին 1 արկղ փամփուշտ, իսկ մեզ 7 արկղ:
Երեկոյան ժամերին հայրս պատմում էր, գալիս էին մեր տներից մոտ 50 մ. հեռավորության վրա գտնվող քարաժայռի ետևից մեզ վրա կրակում էին, չնայած զոհեր չունեցանք, բայց վիրավորներ լինում էին:
Մի օր որոշում են վերջ տալ այս անկոչ հյուրերին: Որոշում են պայթուցիկ նյութ դնել և պայթեցնել թուրքերի թաքստոցը: Այն ժամանակներում դժվար էր մետաղյա իրեր գնելը: Դրա փոխարեն վառարանի խողովակ, քար, երկաթի կտոր պայթուցիկի հետ, թաքցնում են ժայռի ետևը, երբ թուրքերը հավաքվում են և սկսում են կրակել հայերը քաշում են լարը և պայթեցնում թաքստոցը:
Այս դեպքերից հետո թուրքերը այլևս չեն երևում այդ կողմերում և հաճախ լար տեսնելիս զգուշանում էին:
Հաճընի անկման օրերը մոտենում էին, այդ զգացվում էր հոկտեմբեր ամսին: Քեմալականները ավստրիական հեռաձիգ թնդանոթներ էին զետեղել քաղաքից շատ հեռու և հեշտությամբ ռմբակոծում էին քաղաքը:
Եթե պաշարման սկզբին թուրքական թնդանոթը փոքր քանդումներ էր անում, դա հաճընցիներին չէր վախեցնում, բայց ավստրիական խոշոր թնդանոթները հենց առաջին իսկ զարկից փլել էր Սուրբ Հակոբոս վանքի կեսը: Դա մի տեսակ խուճապ առաջացրեց հաճընցիների մեջ և որոշվեց թողնել քաղաքը ճեղքել շրջապատումը և անցնել Ատանա ֆրանսիական հովանավորության տակ: Թե այդ ճեղքումը երբ կլինի և ինչպես ոչ ոք չէր իմանա: Այդ մասին հրամանը պետք է գար կենտրոնից:
Հայրս միշտ դիրքերի մեջ կատարում էր իր պարտականությունը, բայց ընտանիքին միշտ կրկնել է փախուստի դեպքում անպայման կգամ և ձեզ կվերցնեմ:
Իրիկնադեմին հայրս դիրքում եղած ժամանակ եղբայրը՝ Սիմոնը գալիս է և հայտնում, թե ճակատը ճեղքում ենք, թող դիրքդ: Հայրս շտապում է տուն ընտանիքը իր հետ վերցնելու նապատակով, բայց երբ տուն է հասնում, տեսնում է, որ ոչ ոք չկա, միացել են ամբոխին, որ չկարողացան ազատվել և կոտորվեցին թուրքական կանոնավոր զորքերի կողմից:
Ազատվեցին միայն այն 400 հրացանավորները Արամ Կայծակի (Թերեզա) ղեկավարությամբ:
Խումբը շրջափակումը ճեղքելով ազատվեց և բռնեց Ադանայի ճամփան:
Այստեղ հայրս մենակ մնալով և տեղանքը լավ իմանալով կարողանում է դուրս գալ, հեռանալ մի քանի կիլոմետր և թաքնվել թփերի արանքում մինչև հաջորդ լուսաբաց:
Այստեղից էլ սկսվում է հորս ոդիսականը:
Ատանա քաղաքը բավականին հեռու էր Հաճընից, մոտ 140-150կմ հեռավորության վրա, այդ երկար ճանապարհը հայրս պետք է անցներ գիշերով թուրքերի ձեռքը չնկնելու համար, իսկ ցերեկները թաքնվեր թփերի, բարձր խոտերի արանքում կամ անտառի մեջ: Հարցը միայն քայլելը չէր, այլ սնվելը. ինչպես և ինչով: Հայրս միշտ ձեռքին պահել է հրացանը և մինչև Ատանա հասնելը երբեք չի թողել ձեռքից: Առաջին օրերը մի կերպ անցկացրել է իր մոտ ունեցած փոքր պաշարով, մի կտոր ապուխտ, հաց, պանիր, շաքար, որ տևել է ընդամենը 3 օր: Հաջորդ օրերին սնվել է հատապտուղներով, արմատներով և ձեռքին ընկած խոտերով:
Հայրս պատմում է, թե ինչպես բարձր խոտերի մեջ թաքնված ժամանակ ուժեղ խշշոց է լսում, ստիպված զենքը ձեռքին սպասում է թե ի՞նչ կլինի: Որոշ սպասումից հետո պարզվում է, որ մի կրիա է, հորս ուրախությանը սահման չի լինում: Մութն ընկնելուն պես մի կրակ է անում և կրիան խորովելով ուտում և ճանապարհը շարունակում:
Օրերից մի օր, լուսաբացից առաջ թաքնվում է մի թփի տակ և հետո զգում է, որ գյուղի մոտ է: Երեկոյան մի թուրք կին էշն է փնտրում և դեպի դաշտ գնում: Հայրս զգում է մոտեցող վտանգը, որովհետև կինը քայլում է ճիշտ հորս թաքնված ուղղությամբ, հայրս հրացանը պատրաստ պահում է, որ եթե կինը շատ մոտենա, ստիպված կլինի կրակել: Այդ ժամանակներում գյուղացի թուրքերը միշտ զինված էին և առիթը չէին կորցնի մի ՛՛գյավուր՛՛ սպանելու:
Պատահում է անսպասելին, գյուղից կանչում են թուրք կնոջը, ասելով, որ էշը այստեղ է: Հայրս խոր շունչ է քաշում և մութն ընկնելուն պես հեռանում այդ ՛՛հյուրընկալ՛՛ տեղից:
Ուշ աշուն էր և անձրևները հորդառատ, հայրս մի անգամ գետն անցնելիս ընկղմվում է ջրի մեջ, չնայած լավ լողալ գիտեր, բայց մի կերպ է ազատվում:
Այդ օրերին գտնում է 2-3 հաճընցիներ, որոնք հորս նման գնում էին Ատանա և վերջին օրերին մոտենում են քաղաքին 40 օր քայլելուց հետո:
Հայրս Ատանա է հասնում կմախքացած, հյուծված, այստեղ հանդիպում է իր եղբայրներին՝ Սիմոնին, որ եկել էր Արամ Կայծակի խմբի հետ և փոքր եղբորը՝ Ռուբենին, որը պատերզմից առաջ գտնվում էր Ատանայում:
Կյանքի փորձ ունենալով, հորս առաջին օրը կերակրում են միայն կաթով և թեթև սննդամթերքով, բայց դա էլ չի օգնում, որ հայրս հիվանդանա լուծով:
Հորս անմիջապես տեղափոխում են ամերիկյան հիվանդանոց: Բժիշկները նախատեսում են, որ թե եթե մինչև առավոտ ապրի, կլավանա և այդպես էլ լինում է: Հայրս կազդուրվում է և սկսում է աշխատել: Երբ ֆրանսիական զորքերը քաշվեցին Կլիլիկիայից, այսինքն, երբ Ֆրանսիացիները լքեցին Կիլիկիան և այն թողեցին թուրքերին: Հայերը վերջնականապես լքեցին Թուրքիան և անցան նախ Հունաստան և հետո Ֆրանսիա:
Հայրս ամուսնացավ երկրորդ անգամ մորս հետ, որն իրեն հերթին ամռանը աքսորվել էր և մնացել 2 աղջիկներով, որից փոքրը հիվանդանալով մեռել էր, իսկ մեծը վերքերի մեջ թաղված լինելով, մայրս մի որոշում է ընդունում, երեխային ամբողջությամբ լվանալը լիմոնի հյութով, որից հետո երեխան լավանում է:
Հայրս և մայրս ամուսնանում են Հունաստանում և մի տարի անց մորս խորհրդով հայրս գալիս է Ֆրանսիա, ունենալով ձեռքին ՛՛Շնեյտեր՛՛ ընկերության պայմանագիր, ուր սկսում է աշխատել Le Creusot քաղաքում, որպես բանվոր: Այնուհետև հորս օրինակին են հետևում հորեղբայրներս և բոլորը միասին Le Creusot քաղաքում մի քանի տարի ապրելուց հետո որոշում են տեղափոխվել Փարիզ 1929թ., ուր ես 2 տարեկան էի: